Նիկոլ Փաշինյանն առանց անուններ տալու և առանց կոնկրետ փաստեր բերելու մեղադրում է որոշ ընդդիմադիրների քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում) աշնանը «պատերազմ հրահրելու» մեջ:
Նա գուցե այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքականությունից» բան չի հասկացել: Հենց դրա հետևանքն էին այն հայտարարություններն ու քայլերը, որոնք ակամայից Արցախին ու Հայաստանին «մտցրեցին» պատերազմների և աղետալի կորուստների հորձանուտը:
Մի փոքր զբաղվենք ընտրական գործընթացների «ռևիզիոնիզմով»:
2018 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիների մեծ մասն ընտրեց ՔՊ-ին: Կարճ ժամանակ անց սկսվեց աղետալի 44-օրյա պատերազմը, և մենք կորցրեցինք հազարավոր երիտասարդ կյանքեր ու մոտ 7800 քառակուսի կիլոմետր տարածք:
2021 թ. հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիների մի զգալի մասը նորից գնաց և վերընտրեց ՔՊ-ին: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան մի քանի կարճատև պատերազմական գործողություններ, որոնց հետևանքով կորցրինք հարյուրավոր կյանքեր, ամբողջ Արցախը և Հայաստանի ինքնիշխան տարածքից ևս 220 քառակուսի կիլոմետր:
Այս իրողություններից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ասում է մոտավորապես հետևյալը. եթե ՔՊ-ին չընտրեք, մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի:
Իսկ գուցե ճշմարտությունը հակառա՞կն է. եթե երրորդ անգամ ՀՀ քաղաքացին ընտրի ՔՊ-ին, մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց ազգովի կհայտնվենք հերթական սպառնալիքի առջև: Իսկ գուցե ընդդիմության հավաքական հաղթանակի և համազգային համախմբման դեպքում կա՞ հնարավորություն, որ հաստատվի իրական խաղաղություն, և Հայաստանը դադարի գործիք լինել այլոց մեծապետական քաղաքական խաղերում:
ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է, այլ սեփական իշխանազրկումը:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ.
Ավելի լավ չէ՞, որ ՔՊ-ն Վարչական և Ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի. այն է՝ եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ-ի օգտին, նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի, օրինակ, հազարապատիկի չափով: Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից: Իսկ երրորդ անգամ, երբ ՔՊ-ի ղեկավարած «ինքնիշխան» Հայաստանից այլևս բան մնացած չլինի, քաղաքացին վերջնականապես արդարացվում է: